1897 թվականին ներգրավվել է Կոմունիստական կուսակցության շարքերում։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886-1895)։ 1896 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1897 թվականին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900 թվականին Բեռլինում մասնակցել է Վիլհելմ Լիբկնեխտի թաղմանը։ 1901 թվականին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից։ Ստեփան Շահումյանի, Արշակ Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։ Մասնակցել է (1903 թվականի) Կովկասի կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ II համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։